Pages

ԹԱՆԳԱՐԱՆ


Հաճընի 1920թ. հերոսամարտի նահատակների հիշատակը հավեժացնող և Հաճընի վերածնության խորհրդանիշ` հուշարձան-կոթողը կառուցվել է 1973թ. (հեղինակ` ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան)։ Կոթողի ներսում 1978թ. հիմնադրվել է “Կիլիկիայի հայերի պատմության” թանգարանը, որն իր գոյության 25 տարիների ընթացքում հանգամանալից լուսաբանել է Կիլիկիայի հայկական թագավորության փառահեղ պատմությունը, Հաճընի հերոսական անցյալի դրվագները։ Թանգարանը Կիլիկիայի մշակութային ժառանգության միակ գիտամշակութային կենտրոնն է, ոչ միայն Նոր Հաճընի, այլև Կոտայքի մարզի ամենահայտնի մշակութային օջախներից է, սրբատեղի` սփյուռքահայության համար և կարևոր օղակ` Սփյուռք-Հայրենիք կապերի ամրապնդման համար: Թանգարանը նպաստել է` 1. Հաճընի 1920թ.-ի հերոսամարտի ամենամյա տարեդարձներին նվիրված միջոցառումերի անցկացմանը, 2. Սփյուռքահայ հաճընցիության հետ բարեկամական կամուրջներ ստեղծելուն, 3. Մշակույթի բնագավառում Նոր Հաճըն համայնքի և Սփյուռքի գործնական շփումների իրականացմանը, 4. Մշակութային զբոսաշրջիկության զարգացմանը, 5. “Հաճըն-Նոր Հաճըն” բուկլետի ստեղծմանը:
Թանգարանային հավաքածուն բաղկացած է 1882 (2006թ տվյալնների համաձայն) թանգարանային առարկաներից, պարունակում է հնատիպ գրքեր, եզակի դրամներ, արժեքավոր լուսանկարներ, տարեկան սպասարկում է 1200-1300 այցելուների, բարձրացնում է բնակչության մշակութային մակարդակը:
1998 թվականի մայիսի 15-ից թանգարանը հանձնվել է համայնքի տնօրինությանը, որը միջոցների սղության պատճառով չի կարողանում պահպանել եղած պատմամշակութային արժեքները և հարստացնել դրանց հավաքածուները:
Գնալով ավելի լայն հեռանկարներ են բացվում Սփյուռքի հաճընցիական գաղթօջախների հետ կապերի ընդլայնման և խորացման համար: